Սասունցիների Պարը :: Գեւորգ Էմին
կա՛ն, դրին քարը քարին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Ողջ ու մեռել ջոկ- ջոկ արին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Մինչև մանգաղն ելավ հողից,
Մուրճը պոկվեց սալի կողից,
Ու երկուսն էլ, եղբոր նման,
Այդ դրոշի վրա ելան
Ու նոր արև՛ ծագեց հողին,
Հող վարողի՛ն, հող սիրողի՛ն:
Մինչև նորից օջա՛խ դրին՝
Ծուխը սողա՜ց.
Մինչև նորից տաք թոնիրին
Բոցը շողա՜ց.
Մինչև նորից, խունջի՜կ- մունջի՜կ,
Դաշտ գնացին հարս ու աղջիկ,
Որ աղցան ու սիբեխ քաղեն,
Հատաղ տղի սիրտը դաղեն,
Հոր արտի մոտ նոր արտ վարեն,
Արթիկ տուֆից նոր պատ շարեն,
Մի նորելուկ հա՛րս մայրանա,
Մի նոր թոնրի ծու՛խ բարձրանա,
Նոր օրորո՛ց գնա ու գա,
Բարն՝ տևի՛, չարը չգա՜…
…Եվ երբ տեսան, էլ չարորդին մոտ չի՜ գալիս
Եվ երբ տեսան՝ էլ վառոդի հոտ չի՜ գալիս
Եվ երբ տեսան՝
Էլ չի՜ թափվում հողին արյուն.
Եվ երբ տեսան՝
Եկավ աշուն, եկավ գարուն,
Առանց ահի՛, կոտորածի՛,
Բա՜ց արեցին սուփրեն հացի,
Զուռնեն խոսե՜ց բերանացի,
Եվ Արագած լեռան գոգին
Զարթնե՜ց կրկին Սասնա ոգին…
Եվ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եվ նույն զուռնա՛ն, որ հնչում էր հին տան բակում,
Հնչեց հիմա ամե՜ն գյուղում ու քաղաքում.
Իսկ դհո՛լը, որ քարե՛ր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից…
Պարե՛ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազու՜մ են աղջիկներն ու կռանում՝
Սասնա ձորից ջու՜ր են բերում, ա՛րտ քաղհանում.
Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
Երբ խառնվում՝ ասես ամպրո՜պ պայթի սարում՝
Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
Երբ միանում, բե՛րդ են դառնում շինված քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս…
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Որ պարտությու՜նն անգամ ունի հպարտությու՛ն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի…
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
–Հալա՜լ է քեզ,
Սասու՛ն, պարի~:
Պարի~,
Դու դեռ երա~զ ունես կատարելու,
Վրե~ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի~,
Գազպան դեռ քո ձեռքին է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի~ է կարոտում.
Պարի~,
Մինչև ո~ղջ հայերին դու ամբարե’ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի~ն պարես…